«Կաթիլներս». ֆիլմ Թռչկանի պայքարի մասին

27.04.2012

«Կաթիլներս». ֆիլմ Թռչկանի պայքարի մասին

2011թ. հայոց բնապահպանական շարժման տարեգրության մեջ նշանավորվեց որպես Թռչկանի տարի: Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 6-ն ընկած հատվածում մի խումբ բնապահպաններ և հայրենի երկրի բնության ճակատագրով մտահոգ քաղաքացիներ անխոնջ պայքար մղեցին Թռչկան ջրվեժի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Պայքարը տվեց իր ցանկալի արդյունքը՝ շնորհիվ թռչկանցիների համառ ու անկոտրում կամքի և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների աջակցության: Այսօր Թռչկանի կաթիլներին ոչ մի վտանգ չի սպառնում:

«Կաթիլներս». այսպես է կոչվում Շիրակամուտ գյուղի բնակչուհի, Թռչկանի պայքարի ակտիվ մասնակից, հեռուստառեժիսոր Անի Եղիազարյանի հեղինակային ֆիլմը, որը նվիրված է Թռչկանի պայքարին և թռչկանցիներին: Ֆիլմում օգտագործված են հեղինակի և պայքարի մյուս մասնակիցների կողմից նկարահանված կադրերը: Տևողությունը՝ 48 րոպե:

Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 28-ին՝ 19:30-ին’ «Նարեկացի» արվեստի միությունում: Մուտքն ազատ է: Այս մասին հաղորդում է Հետքը:

Ֆիլմի անոնսային տեսանյութը` Կաթիլներս