Պայքարի առաջին փուլը հաջողվեց, սկսում է նոր փուլ

31.07.2013

Պայքարի առաջին փուլը հաջողվեց, սկսում է նոր փուլ
Հարցազրույց - Շաբաթ, 27 Հուլիսի 2013
Սիրանույշ Պապյան
Մեր զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ փոխնախագահ, քաղաքագետ Գոռ Հակոբյանը

 

Գոռ, հասարակական տրանսպորտի գնի թանկացումը հասարակական մեծ ընդվզում առաջացրեց, ինչը ստիպեց իշխանություններին կասեցնել որոշումը: Ըստ Ձեզ՝ հիմա որո՞նք պետք է լինեն հաջորդ քայլերը: Պայքարն ավարտվե՞ց, թե՞ նոր է սկսվում:

Նպատակային առաջին փուլը հաջողվեց, և ներկայում նոր փուլ է թևակոխում: Այո, գործընթացը մասնակցային, ներառողական ու համախմբող էր: Մասնակիցներն ազատ ստեղծագործում էին, գործողությունները ինքնաբուխ, բայց միևնույն ժամանակ ինքնակազմակերպված էին, կար շատ դրական էներգետիկա, իր մեջ պարունակում էր կենսուրախություն և հանրության ավելի լայն շերտերի մոտ համակրանք էր ստեղծում: Քաղաքապետն իր ապօրինի որոշումը կասեցրեց, որպեսզի քաղաքացիական մոբիլիզացման այս աննախադեպ ալիքը զսպվի, չշարունակվի ու ավելի ընդգրկող չդառնա, որովհետև քաղաքացիական  ինքնակազմակերպված այսպիսի ալիքները ունեն հանրության գիտակցության մեջ կառուցվածքային և մշակութային արմատական փոփոխություններ առաջացնելու ներուժ, որոնք շատ վտանգավոր են անարդար, ոչ իրավահավասար, փակ, ճնշող, բռի ու բացասական էությամբ համակարգերի համար, ինչպիսին է Հայաստանում տիրապետող քրեական-օլիգարխիկ համակարգը:

Բացի այդ, այս քաղաքացիական պայքարը սկզբնական էմոցիոնալ ոգևորությունից սկսում էր հետզհետե ձևակերպել ավելի խորքային ու համակարգային հիմնախնդիրներ ու ինքնակազմակերպել, ներառել նոր թիրախներ դրական փոփոխության համար, որոնք հետագայում լուծելու համար իշխող համակարգը ուղղակի ստիպված կարող էր լինել ավելի մեծ զիջումների գնալ: Եթե սկզբնական շրջանում խոսվում էր միայն ուղեվարձի թանկացումից, քայլ առ քայլ այն իր մեջ սկսեց ներառել ողջ ուղևորափոխադրումների ոլորտի բարեփոխումները՝ մինչև գծերի ապասեփականաշնորհում, պայքարի պահանջատիրության առանցքը դրվեց օրինականության ու իրավունքի հիմունքի վրա, որից բխում են համապատասխան պատասխանատվության, հանրային ժողովրդավարական կառավարման հարցեր և այլն: Շարունակությունը կբերեր նրան, որ այս հիմնախնդիրը հանրային օրակարգում կդառնար այնքան կարևոր, ինչքան 100 դրամ վճարելու պահանջը, որը իշխող համակարգին վախեցնում ու սպառնում է: Այս ամենը տիպեց, որ Երևանի քաղաքապետը կասեցնի իր որոշումը: Պայքարի այս փուլը ավարտված է հօգուտ հանրության, որ առաջնորդվում է  քաղաքացիական ու իրավական սկզբունքներով ու նրա հաղթանակն է: Ձևակերպված նպատակը՝ վճարել 100 դրամ, իրագործված է:

Գոռ, յուրաքանչյուր հաղթանակին հաջորդում է ապատիա, որոշակի պասիվություն, ի՞նչ պետք է անել պայքարի երկրորդ փուլում:

Այո, համաձայն եմ Ձեզ հետ: Որպեսզի նման իրավիճակ չլինի, քաղաքացիական պայքարի հենց սկզբնական շրջանից հարկավոր է առաջնորդվել քաղաքացիական արդար պայքարների զարգացման հիմնական սկզբունքներով: Քաղաքացիական արդար պայքարները սկսում են իրենց տեսլականից բխող՝ հստակ, նվաճելի, հաշվարկած նպատակներից, և խելամիտ, ներգործուն, սկզբունքային, համախմբող սոլիդարության ռազմավարություններով (ճանապարհացույցերով): Իսկ երբ ուժերի փոխհարաբերակցությունն անհավասար է, պայքարի հաջողության նախապայմաններից են պայքարը հետևողական, վճռական և ինտենսիվ տեմպով, հավատարիմ տեսլականին, նպատակներին ու ռազմավարությանը, զարգացնելը:

Մինչև հաջորդ փուլը անցնելը կարևոր եմ համարում գնահատման իրականացումը` հասկանալու համար, թե ինչ է կատարվել, որտեղ ենք հասել և ուր կարող ենք գնալ: Իսկ քաղաքացիական պայքարի շարունակության իմաստով անհրաժեշտ է հարգել վերոնշյալը և ձևակերպել առաջնային ալիքից բխող ու շարունակություն ապահովող այնպիսի հիմնախնդիրներ, որոնք, դառնալով նպատակներ, իրագործելի են ու հասանելի և, ամենակարևորը, դրանք ձևակերպողները, իրագործողներն ու մասնակիցներն ունեն համապատասխան կարողություններ ու հմտություններ, բավարար ռեսուրսներ դրանք իրենց ավարտին հասցնելու համար: Կենսական է մտածված ռազմավարությունների մշակումն ու գործադրումը՝ ըստ վերոհիշյալ սկզբունքների, անընդհատ գնահատել, դասեր քաղել և նախագծված ռազմավարության վրա հիմնված ակցիաներ ու գործողություններ կատարել: Կարևոր է այդ գործում ներառվող բազմազան ու տարբեր անհատների և խմբերի շահերի ինքնագիտակցումը, ձևավորումը և հանրային պլատֆորմի կազմումը: Պետք է հասկանանք, որ պոռթկումային ընդզվումները շարունակելու համար անհրաժեշտ է խելամիտ, հաշվարկված, հետևողական, սկզբունքային աշխատանք, որը շատ դեպքերում ձանձրալի է թվում, դժվար, ու արդյունքներն ավելի երկարաժամկետ են երևում: Եթե մենք կարողանանք այսպիսի նպատակային, ռազմավարական ու ճանապարհային քարտեզ մշակել ու մոբիլիզացնել զանգվածներին դրա հիման վրա, ապա կնվազեցնենք ապատիայի ու պասիվություն ռիսկերը: Մի հավելում ևս. երբ նշում եմ մասնակիցներ, նկատի չունեմ միայն քաղաքացիական ակտիվիստներին, այն իր մեջ պետք է ներառի տարբեր սոցիալական խավերի ու շահերի խմբերի, ուժերի, ինստիտուտների, միավորումների և այլն: Նման բան անելու հնարավորություն հիմա կա:

Ինչպե՞ս է հնարավոր պահել հանրային բուռն էներգետիկան:

Կարծում եմ՝ հետևողական աշխատանքի, ազատ ստեղծագործության, միմյանց հարգելու ու գոտեպնդելու, ներառելու սկզբունքները կրելով ու դրանցով առաջնորդվելով: Որևէ կերպ փորձ չանել մարդկանց և պայքարը դարձնել հսկելի ու մենաշնորհյալ. ինչքան էլ որոշ աշխատանքների դեպքում դա արդյունք է տալիս, սակայն երկարաժամկետ կտրվածքով ստեղծում է ինքնանպատակ խմբավորումներ, որոնք քաղաքացիական պայքարը սկսում են ներսից թուլացնել ու քայքայել:

Մաշտոցի պուրակի պայքարի համեմատությամբ, այս պայքարն ի՞նչ տարբերություններ ուներ:

Նախ ասեմ, որ այս քաղաքացիական պայքարը շարունակությունն է Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի, որ հանգրվանային իմաստով մնաց անավարտ: Քաղաքաղացիական և իրավական սկզբունքների ու դրանով առաջնորդվող ու ապրել ցանկացողների ինքնակազմակերպման ու գործունեության պայքարը նոր որակի թափ առավ Մաշտոցի պուրակով և շարունակվեց այս պայքարով:

Շատ զուգահեռներ կան, բայց ինձ համար կարևոր են հետևյալները. վախի մթնոլորտի հաղթահարումը և այն գիտակցության սերմանումը, որ մեզնից ամեն ինչ է կախված, և մենք յուրաքանչյուրս կարող ենք և պետք է անենք մեր կյանքը փոխելու համար: Հասարակության տարբեր խմբերի ու անհատների կողմից ինքնագիտակցումը, որ ուժի ու հեղինակության աղբյուրը սուվերեն քաղաքացին է և ինքն է թելադրում կամ վարում խաղի կանոնները:

Իրավունքի գերակայության ու օրինականության հիմնախնդրի ձևակերպումը, այս պարագայում մարդու համընդհանուր սոցիալական իրավունքների պաշտպանությունը և մատչելության հարցը: Պայքարի խաղաղ, ոչ բռնի ու իրավական-քաղաքացիական սկզբունքներով իրականացնելը և ուղիղ քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Հասարակության տարբեր շերտերի, անհատների ու խմբերի ներառումը, համագործակից ու սոլիդար պայքարը և, իհարկե, դրական էներգետիկան: Եվս մեկ կարևոր բան. Մաշտոցի պուրակի 2012-ի պայքարում հնարավոր չեղավ, իսկ այստեղ, այս փուլում դա իրականացավ, որ պետական մարմիններն իրենց սահմանադրական լիազորությունների սահմանից դուրս չեկան, և նույնիսկ դրա մասին հայտարարեցին, որ իրենք իրավունք չունեն խառնվելու քաղաքապետի լիազորությունների շրջանակում գտնվող հարցերի լուծմանը: Սա նվաճում է, և շատ կարևոր քայլ, որի շարունակությունը մշակութային ու կառուցվածքային առումով հղի է դրական փոփոխություններով:

Հասարակությունը կարողացավ ստիպել, որ որևէ մեկը ՀՀ Սահմանադրությունից բխող իր գործառույթների շրջանակից դուրս չգա:

Գոռ, հիմա, ըստ Ձեզ, միայն մեկ խնդրի վրա՞ պետք է կենտրոնանալ, թե ասենք պետք է պայքարել գազի, էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ: Քանի որ շատերը սա համարում են Տարոն Մարգարյանի դեմ ուղղված ակցիա:

Ինչպես կարող է զարգանալ, ինչ հարցերի անդրադառնան՝ ես քիչ առաջ դրա մասին խոսեցի, կախված է նրանից, թե հասարակության տարբեր խմբեր ինչպես կարող են հասանելի ու իրագործելի նպատակներ ձևակերպել, և որն է առաջնահերթ իրենց համար և, այդ առումով, տարբեր ուղղություններով ու կետերով կարող է զարգանալ մտածված ռազմավարություններով:

Ինձ համար անձնապես, իբրև քաղաքացի և քաղաքացիական ակտիվիստ ու ՄԻԺԻ-ի փոխնախագահ, առաջնահերթ է պարտավորություն կրողների՝ թե պետական և թե մասնավոր, անհատ կամ ինստիտուտ, պատասխանատվության կանչելու ու ենթարկելու մշակույթն ու մեխանիզմները վերջապես աշխատեցնելու ու սիստեմատիկ դարձնելու մարտահրավերը խելամիտ հաջողեցնելը, և ես իմ էներգիան ու կարողություններն այդ ուղղությամբ եմ ծախսելու: