Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու հիմքերը

28.08.2013

Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու հիմքերը

Օրերս ՀՀ քաղաքացի Ռուզաննա Գրիգորյանը նամակ ստացավ Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանից, ով պատասխանել էր «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության պահանջները ներկայացնող նամակին, որը քաղաքապետարանի նամակների բաժին մուտքագրել էր Ռուզաննան: Նամակում Ռուզաննա Գիրգորյանին առաջարկվում է որպես շահագրգիռ անձ մասնակից լինել այն հանձնաժողովի աշխատանքներին, որն ստեղծվել է Տարոն Մարգարյանի հայտարարությունից հետո, մեր գնահատմամբ, Երևանի ներքաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման մասին ապօրինի և հակասոցիալական որոշումը լեգիտիմացնելու նպատակով: Փաստորեն, նամակում չկա որևէ հղում, թե ինչպիսի՞ ընթացակարգով է որոշում կայացվե,լ և, ըստ էության, ընդունվում է, որ հանձնաժողով չկար և հիմա նոր փորձ է արվում հիմնավորել որոշման կայացումը, այն էլ` բողոքների պատճառով: Նման խոստովանությունն ուղղակի հաստատում է, որ որոշումը կայացվել է ոչ պրոֆեսիոնալ կերպով, և այն ընդունողները գործել են օրենքից դուրս: Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ոչ մի հղում չկա որևէ օրենքի կամ օրինական ակտի: Փոխարենը հղման է արվում քաղաքապետի «բարի ցանկությանը»: Ահա նամակում տեղ գտած խոստովանությունը` «վերոնշյալ մտայնություններից ելնելով և փորձելով միայն զուտ իրավական հենքի վրա չպատասխանել հայտարարությանը, ներկայացնենք ուղղակի մի քանի նկատառումներ»:  Մինչդեռ հանրությունը պահանջում է հենց իրավական հիմքեր, և որևէ պաշտոնյայի լիրիկական զեղումները քչերին են հետաքրքիր: Նամակում ուղեվարձի թանկացումը մեկնաբանվում է որպես անխուսափելի իրավիճակի արդյունք: Սա բացահայտ խաբեություն է և քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկում ծախսերն ուռճացված են (http://hetq.am/static/content/pdf/1-4.pdf): Դա ակնհայտ է դառնում պարզ տնտեսագիտական հաշվարկից հետո: Կեղծ հաշվարկների վրա հիմնված որոշումն անօրինական է: Սակայն, ապօրինի որոշումը քաղաքապետի կողմից ընդամենը կասեցվել է` անվավեր հայտարարվելու փոխարեն: Քննարկումներ ծավալել արդեն իսկ կայացված ապօրինի որոշումն ունենալով որպես ելակետ, հակասահմանադրական է: Վերահաստատում ենք մեր պահանջը՝ անվավեր հայտարարել ներքաղաքային տրանսպորտի թանկացման մասին ապօրինի և հակասոցիալական որոշումը, որը կայացվել է գծատեր-օլիգարխների նեղ շահերին ի նպաստ և ի վնաս հանրային շահի: Նամակում նաև խոսվում է տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների օրերին «ոլորտի պատասխանատուների՝ բարդ իրավիճակում օպերատիվ արձագանքման և արդյունավետ աշխատանքի մասին»: Պարզ է, որ վարորդները քաղաքապետարանի կայացրած ապօրինի որոշման պատճառով հայտնվել էին իրենց համար անսովոր պայմաններում և պատվով դուրս եկան այդ իրավիճակից, իսկ թե ինչո՞վ էին զբաղված այդ օրերին ոլորտի պատասխանատուները, չենք զլանա ևս մեկ անգամ հիշեցնել՝ http://www.youtube.com/watch?v=sNxojm9R3ds: Զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնը և այդպիսով հանդիսանալով համայնքային ծառայող` Հենրիկ Նավասարդյանը թույլ է տվել համայնքային ծառայողին ոչ վայել գործելակերպ` խախտելով «Համայնքային ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների մի շարք դրույթներ, որոնք իրավական հիմք են հանդիսանում նրան պաշտոնանկ անելու համար: Այդ իրավական հիմքերն արդեն իսկ հրապարակված են, սակայն դրանց վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք չի եղել քաղաքապետարնի կողմից: Ուստի՝ ևս մեկ անգամ դրանք ներկայացվում են այս նամակին կից: Իսկ «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանն իր շրջապատի հետ միասին դրսևորել է խուլիգանական վարք և բախումներ է հրահրել ցուցարարների հետ: Այսպիսի վարքագծով համայնքային կազմակերպության տնօրենը պետք է հեռացվի իր պաշտոնից: Ավելին՝ այս երկու պաշտոնյաներն անմիջականորեն կամ իրենց ազգականների միջոցով երթուղիներ են շահագործում, ինչը նշանակում է, որ առկա է մասնավոր և հանրային շահերի բախում, այն է՝ կոռուպցիա: Պահանջում ենք Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը: Քանի դեռ այս կոռումպացված գծատեր-պաշտոնյաները գտնվում են հանձնաժողովի կազմի մեջ և աշխատում են կառավարման համակարգում, որևէ համագործակցության առաջարկ, նաև այս պատճառով, անիմաստ և ձևական է: Բացի այս ամենը, կարող ենք հիշել Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնության՝ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովի աշխատանքը բարելավելու ուղղությամբ գործադրած ապարդյուն ջանքերը: Որևէ երկխոսության փորձ տապալվում է հենց քաղաքային իշխանությունների կողմից, քանզի նրանք չեն ցանկանում ճանաչել գործած սխալները, քայլեր ձեռնարկել դրանց շտկման համար, այլ շարունակում են համառորեն վարել նեղ խմբային շահեր սպասարկող քաղաքականություն` անտեսելով հանրային շահը: Կասկածի տեղիք չի տալիս այն, որ քաղաքապետարանի կողմից համագործակցության հրավերները կրում են ձևական բնույթ և նպատակ ունեն լեգիտիմացնել արդեն կայացված ապօրինի որոշումները: Բացի վերը նշված պահանջներից, պահանջում ենք նաև. Գծատերերի ինստիտուտի վերացում Ինտեգրված տրանսպորտային համակարգի ստեղծում Վարորդների աշխատանքային պայմանների բարելավում ՀՀ քաղաքացիներ` Գայանե Մելքոմ Մելքոմյան Ռուզաննա Գրիգորյան Աննա Արզումանյան Սուրեն Սահակյան Լուսինե Գևորգյան Սոնյա Մսրյան Տիգրան Աճեմյան Կարեն Հարությունյան Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու պահանջի հիմնավորումները Զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետի պաշտոնը եվ այդպիսով հանդիսանալով համայնքային ծառայող, Հենրիկ Նավասարդյանը թույլ է տվել Համայնքային ծառայողին ոչ վայել գործելակերպ` խախտելով «Համայնքային ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների մի շարք դրույթներ, որոնք իրավական հիմք են հանդիսանում Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու համար: «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը հանդիսավոր երդվում է «անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները»: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում են նաեւ հանրային ծառայության հիմնական սկզբունքները` 1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների գերակայությունը.  2) մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.  3) հանրային ծառայության կայունությունը.  4) օրենքի առջեւ հանրային ծառայողների իրավահավասարությունը.  5) հանրային ծառայության հրապարակայնությունը.  6) հանրային ծառայողների քաղաքական զսպվածությունը.  7) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.  8) հանրային ծառայողների արհեստավարժությունը. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը հանրային ծառայողի հիմնական պարտավորությունները թվարկելիս՝ նշում է նաեւ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները եւ հանրային ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը: Նույն օրենքի 28-րդ հոդվածի առջին մասը սահմանում է, որ «Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ»։ Տրանսպորտի գնի թանկացման շրջնակներում իրականացվող ակցիաների շրջանակներում Հենրիկ Նավասարդյանը վիրավորել է լրագրողին: Բացի այդ՝ իր որդիների եւ նրանց ընկերների միջոցով Հենրիկ Նավասարդյանը փորձել է ահաբեկել տրանսպորտի գնի թանկացման դեմ ակցիայի մասնակիցներին, ինչը հանդիսանում է հանրային ծառայողի էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Ավելին` վերոնշյալ հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին»։ Նույն հոդվածի երրորդ մասը սահմանում է հանրային ծառայողի հետեւյալ էթիկայի կանոնները` 1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.  2) հարգել հանրության բարոյական նորմերը.  3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձևավորմանը.  4) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.  5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս. Վերոհիշյալ նորմերի և փաստերի համադրությունը վկայում է, որ Հենրիկ Նավասարդյանը հիմնովին շեղվել է հանրային ծառայողին բնորոշ վարքագծի կանոններից: Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու հիմնավոր պատճառներից է նաեւ իր զբաղեցրած պաշտոնի համար օրենքով նախատեսված սահմանափակումները շրջանցելը: Մասնավորապես, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի է) և ը) կետերը սահմանում են , որ Համայնքային ծառայողն իրավունք չունի՝ է) որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. ը) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Նույն հոդվածի երրորդ մասը իմպերատիվ կերպով համայնքային ծառայողին արգելում է «համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ»: Այս դրույթով ամրագրված սահմանփաումները չպահպանելը «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի Ժ) կետով հիմք են հանդիսանում Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու համար: Այս սահմանափակումը ամրագրված է նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի ուժով՝ հանրային ծառայողին արգելելով համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ: Մինչդեռ, Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդիներին են պատկանում «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որը սպասարկում է թիվ 18 ավտոբուսային երթուղին: ՍՊԸ-ն գրանցված է իր որդիների` Անդրանիկ Նավասարդյանի եւ Էդգար Նավասարդյանի անունով: Ելնելով այն հանգամանքից, որ Հենիկ Նավասարդյանը ի պաշտոնե պարտավոր է վերահսողական գործառույթ իրականացնել տվյալ դեպքում երթուղիները սպասարկող իր որդիների նկատմամբ` ակնհայտ է, որ խախտվել է հանրային և մասնավոր շահերի բախման արգելքի վերաբերյալ դրույթը: Ավելին` վերոհիշյալ պաշտոնի նկատմամբ կիրառվող սահմանափակումների արգելքը չպահպանելը հիմք է հանդիսանում տվյալ պաշտոնյանյին պաշտոնից ազատելու համար: «Վճարում ենք 100 դրամ» շարժում, Մ. Համբարձումյանի և Հ. Նավասարդյանի պաշտոնանկության պահանջին միացած անդամներ

Lragir.am

Տարածել