Սեպտեմբերի 10-ին արի′ քաղաքապետարան

09.09.2013

Սեպտեմբերի 10-ին արի′ քաղաքապետարան

Հարգելի քաղաքացի′,
այս տարվա հունիսին Երևանի քաղաքապետարանը փորձեց ուժի մեջ մտցնել ապօրինի և հակասոցիալական որոշում, որի համաձայն Երևանի տրանսպորտի ուղեվարձը 100-ից դառնալու էր 150 դրամ: Բարձրացած բողոքի ալիքի հետևանքով քաղաքապետարանը ստիպված եղավ ժամանակավորապես կասեցնել տվյալ որոշումը: Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարժման մի խումբ մասնակիցներ, որոշեցին բարձրացնել պաշտոնյաների պատասխանատվության հարցը և արդեն շուրջ 45 օր է, ինչ անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երևանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը։

Վերջիններս ոչ միայն հանդիսանում են ապօրինի որոշման կայացման անմիջական պատասխանատուներ և լինելով պետական պաշտոնյա նաև գծատերեր են, ինչը կոռուպցիա է, այլ նաև դրսևորել են քրեական պահվածք և անձամբ ու իրենց շրջապատի միջոցով սպառնացել, հայհոյել և ծեծել են ակցիային մասնակիցներին և լրագրողներին։ Մեզ համար անընդունելի է, որ նախկինում ապօրինություն գործած և քրեական վարք դրսևորած պաշտոնյաները շարունակեն պաշտոնավարել և շարունակել որոշումներ կայացնել տրանսպորտի ոլորտի վերաբերյալ՝ ոտնահարելով հանրային շահը և առաջնորդվելով նեղ խմբային բիզնես շահով։

Հետևաբար, այս պաշտոնյաների օր առաջ հեռացումը խիստ կարևոր է:

Սեպտեմբերի 10-ին ժամը 11:00-ին Երևանի ավագանու նիստն է։ Երևանի ավագանին համայնքային ինքնակառավարման բարձրագույն մարմին է և պարտավոր է հանդես գալ հանրության շահերից, ոչ թե դրսևորել անգործություն և սատարել հանցագործներին։

Կոչ ենք անում սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ին գալ քաղաքապետարան և մասնակցել տվյալ պահանջի բարձրաձայնմանը:

Միասին հասնենք նրան, որ Հայաստանում ստեղծվի կոռումպացված և հասարակության հանդեպ անհարգալից վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու նախադեպ: Դրանով մենք կկանխենք թե′ տրանսպորտի՝ մոտ ապագայում սպասվող թանկացումը, թե′ նման ապօրինի որոշումների կրկնությունը ապագայում:

Պետական պաշտոնյան պետք է հաշվետու լինի հանրությանը։

Իրադարձության էջը ՖԲ-ում` 

 

Նման փոսթերը

Նշումներ

Տարածել