ՀՀ կենսաթոշակային ռեֆորմ. փոփոխությունը, որը մտցնում է կառավարությունը ահռելիորեն անարդար է

18.11.2013

ՀՀ կենսաթոշակային ռեֆորմ. փոփոխությունը, որը մտցնում է կառավարությունը ահռելիորեն անարդար է

Հարցազրույց Կալիֆոռնիայի (ԱՄՆ) Վենտուրա քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր Արա Խանջյանի հետ: Հարցազրույցը հրապարակվել է Տեսակետ-ՄԻԺԻ հանդեսի 30-րդ համարում, 2010թ. մայիս:

 

ՄԻԺԻ. 2011թ-ի հունվարից Հայաստանում կսկսի գործել կենսաթոշակային նոր համակարգ: Որքանո՞վ է անհրաժեշտ գործող համակարգի փոփոխությունը:

Ա. Խանջեան. Նախ նշեմ, որ տպավորությունս այն է, որ այս համակարգի ընդունումը, հավանաբար, կհետաձգվի ևս 1 տարով: 2011թ-ի հունվարն սկսել է հարցականի տակ դրվել: Բացի այդ, Հայաստանում պարտադիր կուտակային համակարգի անցումը մոտ 25 տարվա փոխանցման շրջան պիտի ապրի, որից հետո բոլոր աշխատավորներն այս համակարգի մեջ կլինեն:

Հարկ է ընդունել այն մտահոգությունը, որ ՀՀ գործող կենսաթոշակային համակարգը բարեփոխման կարիք ունի: Ինչո՞ւ: Առաջին` առկա է կենսաթոշակային վճարումների և կենսաթոշակների միջև կապի բացակայություն: Եթե մեկն ամսական 40.000 դրամ է աշխատում, իսկ մեկ ուրիշը` 400.000, ապա եթե նրանք երկուսն էլ 30 տարի աշխատեն և թոշակի անցնեն, նույն թոշակը պիտի ստանան: Սա պատճառ է, որ բարձր եկամուտ ունեցողները, որոնք ավելի շատ են վճարում և ավելի քիչ` ստանում, միջոցներ փնտրեն` փախչելու և վճարումներից խուսափելու: Երկրորդ` եվրոպական երկրների նման, հայ ժողովուրդը նույնպես ժողովրդագրական իմաստով ծերանալու գործընթացում է: Այսինքն, եթե ներկայումս մեկ թոշակառուին բաժին է ընկնում 4 աշխատավոր, ապա 20-30 տարի անց 1 թոշակառուին կհամապատասխանի 2 աշխատավոր:

Այս ամենը նկատի ունենալով` պետք է փոփոխություններ մտցնել գործող համակարգում, սակայն ի՛նչ փոփոխություններ` այս է գլխավոր մտահոգությունը:

 

ՄԻԺԻ.Կառավարության առաջարկած պարտադիր կուտակային համակարգով, փաստորեն, աշխատավորներն իրենք են ստեղծելու իրենց կենսաթոշակը` աշխատավարձի 5%-ը վճարելով կենսաթոշակային ֆոնդին. նույնքան էլ ավելացնելու է պետությունը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ աշխատավորներն սկսելու են ավելի քիչ վճարել:

Ա. Խանջեան. Ընդհանրապես, խոսակցությունն ընթանում է կենսաթոշակի փոփոխության մասին, սակայն Կառավարությունը նույնքան արմատական և վտանգավոր փոփոխության է ենթարկում նաև եկամտահարկը: Կառավարության առաջարկած նոր տարբերակով եկամտահարկը բոլոր աշխատավորների համար 26% պիտի լինի: Եթե մեկն ամսական աշխատում է 40.000 դրամ, մեկ ուրիշը` 1.000.000 դրամ, երկուսն էլ պիտի վճարեն 26% եկամտահարկ: Այս փոփոխությունն ահռելիորեն անարդար է: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, գոյություն ունի աղքատության գիծ, որը հարկման ենթակա չէ:  Օրինակ, եթե ամսական եկամուտդ 50.000 դրամ է, աղքատության բաժինը մոտավորապես 30.000 դրամն է կազմում, իսկ մնացած գումարի համար արդեն եկամտահարկ ես վճարում: Ըստ Կառավարության ներկա առաջարկի` նման գումար չպիտի հանվի, այսինքն` 50.000 դրամ աշխատողը հենց 50.000-ից էլ եկամտահարկ պիտի վճարի: Պատկերացրեք, որ մեկն ամսական 40.000 դրամ է աշխատում, եթե դրա 26%-ը վերցնենք որպես եկամտահարկ, դրան ավելացրած 5% էլ կենսաթոշակային վճար, ապա սա կկազմի մոտավորապես 8.000-9.000 դրամ: Այսինքն, 40.000 դրամ ստացողը ստիպված է լինելու եկամտահարկը վճարել իր սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների հաշվին. իր բեռն ավելի շատ է լինելու: Մինչդեռ 1.000.000 աշխատողը 26%¬ի դեպքում վճարում է 260.000 դրամ. ճիշտ է, սա շատ ավելին է, քան 8000 դրամը, բայց մնացած 740.000 դրամով էլ նա կարող է հիանալի ապրել: Խնդիրը հարկային բեռն է: Պետք է հավասար բաժանվի հարկի բեռը, ոչ թե հարկի տոկոսը: Սա ընդունված է միջազգայնորեն:

Երբ կառավարությունը կենսաթոշակային համակարգում փոփոխություն է մտցնում` ասելով, թե 5% վճարելու է աշխատողը և նույնքան էլ ավելացնելու է կառավարությունը, պետք է գիտակցել, որ այս 5%-ը վճարվելու է նույն աշխատավորի եկամտահարկից: Այսինքն, կառավարությունը տվյալ աշխատավորի եկամտահարկից վերցնելու է 5%-ի չափով գումար և դնելու է նրա կենսաթոշակային հաշվին: Այսպես, տարիների ընթացքում աշխատողի հաշվի վրա գումար պիտի կուտակվի, այդ պատճառով էլ այս համակարգը կոչվում է կուտակային:

 

ՄԻԺԻ.Այսինքն, այս համակարգի արդյունքում ոչ թե պետությունն է որոշում կենսաթոշակի չափը, այլ քաղաքացին ինքն է ձևավորում իր ապագա կենսաթոշակը: Ուրեմն ի՞նչ թոշակ են ստանալու այն քաղաքացիները, ովքեր երբեք չեն աշխատել: Ի՞նչ վիճակում կհայտնվեն գյուղատնտեսության ոլորտի աշխատողները:

Ա. Խանջեան. Եթե թոշակառուի կուտակած գումարը քիչ է, այսինքն կյանքի ընթացքում քիչ է աշխատել և ֆինանսական ընկերության հաշվարկով չնչին գումար է ստանալու, հետևաբար մնալու է աղքատ, և կառավարությունը աղքատության նպաստ է վճարելու իրեն:

Հասարակության բազմաթիվ շերտեր կարող են դժվարության հանդիպել` ֆոնդում քիչ գումար կուտակելու պատճառով, ինչպես գյուղացիները, մայրերը, կանայք: Երբ կինը հղի է, որոշ շրջան չի կարող աշխատել կամ եթե նա ցանկանում է 1-2 տարի խնամել իր զավակին` չի աշխատում, այսինքն` բացակայում է աշխատաշուկայից ու հետո էլ որոշ ժամանակ աշխատանք չի կարողանում գտնել: Անշուշտ, պարտադիր կուտակային համակարգի պաշտպանները կարող են ասել, որ քայլեր են ձեռնարկելու, այս խմբին պատկանող անձանց նպաստներ են տալու և այլն:  Եվ նրանք սա անվանում են «սոլիդար» համակարգ: Իրենց առաջարկած «սոցիալական արդարությունը» խոստում է, որ աղքատության եզրին գտնվող, ծերության թոշակի տարիքի հասած մարդկանց պետությունը նվազագույն թոշակ կվճարի: Այդ ձևով ուզում են ասել` մի մտահոգվիր, եթե աղքատանաս, մենք քո մասին հոգ կտանենք: Սակայն ճիշտ չէ, որ անձը 30-40 տարի աշխատի, կենսաթոշակի վճարումներ անի, իսկ երբ ծերության հասնի, ֆինանսական շուկայի կամ իրենից անկախ պատճառներով իր հավաքած գումարը պակասի, աղքատության եզրին հասնի և ողորմություն ստանա:

 

ՄԻԺԻ.Պարտադիր կուտակային համակարգում նախատեսվում է նաև կենսաթոշակային ֆոնդերի մասնավորեցում: Որո՞նք են մասնավորեցման ռիսկերն ու վտանգները:

Ա. Խանջեան. Կառավարության առաջարկած Պարտադիր կուտակային համակարգը, դժբախտաբար, ծայրահեղ տարբերակ է: Աշխարհում նման ծայրահեղ համակարգով թերևս մի քանի երկրներ կան միայն` Չիլլի, Ղազախստան, ուր աշխատավորների 100%-ը ներառված էայս համակարգում:

Աշխատավորներն իրենց գումարները ֆոնդերի մեջ են դնում, որոնք էլ մտնում են աշխարհի ֆինանսական շուկաներ և եթե այնպես պատահի, որ աշխատավորի` թոշակի անցնելուց առաջ ֆինանսական շուկաները ճգնաժամ ապրեն և այնտեղ կուտակած գումարը նվազի, ապա ծերության ընթացքում թոշակառուն ավելի քիչ թոշակ կստանա: Աշխատավորներն առիթ են ունենալու իրենց կուտակած դրամը դնել տարբեր ֆինանսական ընկերությունների մեջ: Ֆինանսական ընկերությունները լինում են ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային: Եթե կուտակած գումարը դնում ես բարձր ռիսկայինի մեջ` ապա այն արագ աճում է, սակայն կորցնելու վտանգը մեծ է:

Ֆինանսական ընկերությունը պիտի այդ կուտակված գումարները վճարի տվյալ մարդու թոշակի անցնելուց հետո: Այդ ժամանակ ֆինանսական ընկերությունը ստուգելու է, թե որքան գումար է կուտակված անձի հաշվին: Այնուհետև, այդ ժամանակվա տվյալներով հաշվելու է կյանքի միջին տևողությունը և համապատասխանաբար, ամսական գումար է տրամադրելու թոշակառուին: Եթե քիչ դրամ ես կուտակել կյանքիդ ընթացքում, ապա  թոշակի անցնելուց հետո էլ քիչ դրամ կստանաս:

Ընդհանրապես, ընդունված է համարել, որ միջին աշխատավորը նաև հեռավոր ապագայի մասին հոգալու գիտակցություն չունի և կամավոր կերպով իր այսօրվա գումարը մի կողմ չի դնի ծերությունից հետո ծախսելու համար: Այդ իսկ պատճառով էլ պետությունը, փաստորեն, ստիպում է աշխատավորներին վճարումներ կատարել, որպեսզի ծերության ժամանակ նրանց կենսաթոշակ վճարի: Հիմնական մտահոգությունն այն է, որ միջին աշխատավորը ֆինանսական կարողության մասին գիտելիք չունի: Միջին աշխատավորը կամ միջին թոշակառուն չի կարող հետևել ֆինանսական շուկաների շարժին, մտածել, թե որտեղ ներդնի իր գումարները:

Հաջորդ խնդիրը` որպեսզի պարտադիր կուտակային համակարգն աշխատի, երկրում պիտի գոյություն ունենան անհրաժեշտ ինստիտուտներ` ֆինանսական, դատական, օրինապահ… Հայաստանում այս ամենը չկա: Շատ կարևոր է նաև կոռուպցիայի հարցը: Երբ պարտադիր կուտակային համակարգը որդեգրվի, կոռուպցիայի առիթ կստեղծենք: Երբ սեղանի վրա միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ լինեն, կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն յուրացնել ու մսխել դրանք:

ՀՀ կառավարությունն արդեն համաձայնություն է կնքել Նասդակ (Nasdak) ամերիկյան ֆինանսական ընկերության հետ, որպեսզի այդ ֆինանսական ընկերությունը կենսաթոշակային ֆոնդում կուտակված գումարները ներդնի ֆինանսական շուկաներում: Իհարկե, ասվում է, որ կենսաթոշակային ֆոնդի գումարները կարող են դրվել միայն OECD  (Organisation for Economic Co-operation and Development, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) երկրների ֆոնդերում, որոնք համեմատաբար կայուն են: Սակայն կա նաև մարդկային սխալի հանգամանքը: Եվրոպական  նշանավոր ֆինանսական ընկերությունները գրեթե սնանկացման եզրին են հայտնվել, քանի որ ինչ-որ մեկը անպատասխանատու որոշումներ է կայացրել: Ի՞նչ կպատահի, եթե ,ասենք, «Նասդակ»-ի պատասխանատու անձը խախտի ընդունված համաձայնությունը և կենսաթոշակային ֆոնդի գումարները դնի Չինաստանի կամ Լատինական Ամերիկայի անկայուն ֆոնդերում և մեծ կորուստներ լինեն:

Պարտադիր կուտակային հաշիվները կառավարելու համար ֆինանսական ընկերություններն իրենց աշխատավորներին ամսական աշխատավարձեր պիտի վճարեն: Այս ֆինանսական ընկերությունները շահութաբեր են, այսինքն շահույթ ստանալու նպատակ են հետապնդում, իսկ նրանց աշխատողների աշխատավարձերը, բնականաբար, ստացվում են կուտակված գումարներից, ինչն ինքնին մտահոգություն է:

Ֆինանսների նախարարությունն ասում է, որ պարտադիր կուտակային համակարգի դրական կողմերից մեկն այն է, որ եթե կյանքիդ ընթացքում կուտակված գումարը չծախսես, ապա այն կարող ես կտակել ժառանգներիդ: Սակայն իրականությունն այն է, որ թոշակառուն կարող է ընտրել` իր մահից հետո ժառանգե՞լ գումարը, թե՞ ոչ: Եթե նա ցանկանա իր մահից հետո գումարը ժառանգել, ապա իր կյանքի ընթացքում ամսական կստանա ավելի քիչ գումար: Իսկ նա, ով գումարը չի փոխանցի ժառանգներին` ամսական կստանա ավելի շատ:

 

ՄԻԺԻ.Որո՞նք են պարտադիր կուտակային համակարգի վտանգները:

Ա. Խանջեան. Ռիսկերից մեկը ֆինանսականն է, մյուսը, ինչպես նշեցի, աշխատանքի շուկայի ռիսկն է, և  երրորդն այն է, որ համակարգը բյուջեի վրա բացասական ազդեցություն է ունենալու: Պարտադիր կուտակայինը պաշտպանող անձինք և, ընդհանրապես, Ֆինանսների նախարարությունն այս մասին շատ չեն խոսում, սակայն խոսել պետք է:

Ներկայումս Կառավարությունն աշխատավորներից կենսաթոշակային վճար է վերցնում, գործատուներից վճարումներ է առնում և դրանով վճարում է ներկա թոշակառուներին: Եթե նոր` պարտադիր կուտակային համակարգը որդեգրվի, յուրաքանչյուր աշխատող կուտակելու է իր սեփական կենսաթոշակը, և գործատուները դադարելու են վճարել կառավարությանը: Իսկ ո՞վ պիտի վճարի ներկա թոշակառուներին: Կառավարությունը թոշակառուներին վճարելու գումար չի ունենալու, բայց նաև չի կարող նրանց չվճարել: Ուրեմն որտեղի՞ց պիտի վերցվեն այս գումարները՝ բնականաբար, պետական բյուջեից: Այս դեպքում. առաջին` Կառավարությունը պիտի փորձի նվազեցնել մնացած ծախսերը` կրթություն, առողջապահություն և այլն, որոնք արդեն իսկ ցածր են և էլ ավելի պիտի նվազեցվեն, և երկրորդ` կմեծանա բյուջեի դեֆիցիտը, կավելանան արտաքին պարտքերը` դրանց տոկոսների հետ միասին:

 

ՄԻԺԻ.Ո՞ւմ համար է շահեկան պարտադիր կուտակային համակարգը:

Ա. Խանջեան. Պարտադիր կուտակային համակարգից առաջին հերթին կօգտվեն նրանք, ովքեր ֆինանսական շուկայի մասին գիտելիք ունեն: Երկրորդ` ավելի կշահեն բարձր եկամուտ ունեցողները: Երրորդ` նրանք, ովքեր ֆինանսական շուկայի հետ կապ ունեն` դրամատները, ապահովագրական ընկերությունները… Այս բոլորը կօգտվեն, քանի որ կուտակված գումարները խթանելու են երկրի ֆինանսական շուկաների գործունեությունը: Հետևաբար, զարմանալի չէ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարն առաջ է քաշել ՀՀ կենտրոնական դրամատունը, այլ ոչ թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ինչպես գիտենք, Կենտրոնական բանկի նախկին նախագահը դարձավ Վարչապետ:

 

ՄԻԺԻ.Ինչպիսի՞ն է զարգացած երկրների փորձը: Ի՞նչ այլընտրանքներ գոյություն ունեն:

Ա. Խանջեան. Վերջին 15-20 տարիներին առավել ժողովրդականություն է վայելում Պայմանակուտակային համակարգը: Այս համակարգն առաջին անգամ ընդունել է Շվեդիան 1994թ-ին: Այն հետևյալն է. աշխատավորն իր կյանքի ընթացքում աշխատում է և կենսաթոշակի վճարումներ կատարում, սակայն այդ գումարները ֆիզիկապես որևէ տեղ չեն կուտակվում: Կառավարությունը վերցնում է այդ գումարները և տալիս է ներկա թոշակառուներին. միաժամանակ, աշխատողների կատարած վճարումներն արձանագրվում են նրանց անվանական հաշվին: Երբ տվյալ անձը թոշակի տարիքի է հասնում, նրա անունով արձանագրված գումարը բաժանվում է կյանքի կանխատեսվող տևողության վրա և բաշխվում է ըստ ամիսների: Յուրաքանչյուրը թոշակ է ստանում իր վճարած գումարին համարժեք: Հիմնական առավելությունն այն է, որ քանի գումար չի կուտակվել` ֆինանսական շուկայի ռիսկ չկա, կոռուպցիոն ռիսկերը նույնպես վերանում են: Այս համակարգում աստիճանաբար լուծվում է նաև բնակչության ծերացման խնդիրը: Շվեդիայի նման ժողովրդագրական ծանր խնդիրներ ունեցող երկիրն ընդունել է այս համակարգը:

Եվրոպական երկրներում կենսաթոշակային համակարգի փոփոխումից առաջ, տարիներ, նույնիսկ տասնյակ տարիներ քննարկումներ ու բանավեճեր են եղել քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների միջև: Հայաստանում այսպիսի քննարկումներ չեն եղել: Չնայած Կառավարությունն ասում է, թե իրենք տարիներ շարունակ սա քննարկում են, սակայն 20-30 հոգով չէ, որ նման որոշումներ պիտի կայացվեն:

Եթե հիմա Կառավարությունը պարտադրի ժողովրդին ընդունել նոր համակարգը, 5 տարի հետո հնարավոր է մեկ այլ ուժ իշխանության գլուխ գա ու նա էլ փոխի համակարգը, և այսպես շարունակ: Սա ժողովրդավարական երկրի կացություն չէ: Անհրաժեշտ է խոսել ժողովրդի հետ, քննարկումներ անել: Դեռ նոր են սկսել այս խնդրի մասին խոսել, մինչդեռ օրենքն արդեն խորհրդարանում է: Եթե հանկարծ հանրապետականները որոշեն այն քվեարկության դնել` կանցնի, քանի որ իրենք Ազգային Ժողովում մեծամասնություն են կազմում: Այս վիճաբանության մեջ պիտի անցնի ժողովրդի խոսքը: ՀՀ ղեկավարները պիտի գիտակցեն, որ պետք չէ այս փոփոխությունը պարտադրելով ընդունել: Հուսանք, որ մեր կառավարությունը ժողովրդին  հակառակ որոշում չի ընդունի:

 

Զրուցեց Լուսինե Սարգսյանը
Երևան, 29 մարտի, 2010թ.

գլխավոր լուսանկարը` Իննա Մխիթարյանի, Երևան, 2005թ.