Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ

01.07.2011

Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ

Հուլիսի 1-ին «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր բողոքի ակցիա քաղաքապետարանի շենքի մոտ: Հանրային նախաձեռնությունն իր բողոքն էր  արտահայտում Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ այսօրվանից` հուլիսի 1-ից,   մետրոպոլիտենի ուղեվարձը դարձել է  100 դրամ՝ նախկին  50 դրամի փոխարեն։

« Գտնում եմ , որ առանց հանրային կարծիքը հաշվի առնելու նման որոշում չպետք ընդունվեր,- ասաց ակցիայի մասնակիցներից Լիլիթ Մսերյանը,- միայն բողոքի ակցիաներով կարելի է կանխել 100 % թանկացումը»:

Քաղաքացիական նախաձեռնության առաջնային պահանջն է սառեցնել մետրոյի ուղեվարձի սակագնի թանկացումը:

Որպես երկրորդ քայլ պահանջում են.

Հրապարակել վարկային պայմանագիրը, ինչպես նաև վարկը ստանալու համար վարկատուին ներկայացված անհրաժեշտ ֆինանսատնտեսական և տեխնիկական հիմնավորումները,

  1. Հրապարակել դրամաշնորհի պայմանագիրը,
  2. Հրապարակել մետրոպոլիտենի վերջին 5 տարվա ֆինանսական հաշվետվությունները,
  3. Հրապարակել մետրոպոլիտենի վերջին 5 տարվա աուդիտորական եզրակացությունները, աուդիտորի հաշվետվությունները և ստուգումների արդյունքում մետրոյի ղեկավարությանն ուղղված աուդիտորի նամակները,
  4. Հրապարակել մետրոպոլիտենի վերջին 5 տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվները,
  5. Հրապարակել մետրոպոլիտենի վերջին 5 տարվա ստուգման բոլոր ակտերը,
  6. Հրապարակել վերջին 5 տարվա ընթացքում մետրոպոլիտենից օգտվողների թվաքանակի վերաբերյալ հաշվետվությունը:

Որպես երրորդ քայլ պահանջում են անցկացնել խնդրի ֆինանսատնտեսական և տեխնիկական անկախ փորձաքննություն, որի արդյունքում հանրության ընտրությանը կներկայացվեն խնդրի լուծման այլընտրանքային տարբերակները: Փորձաքննությունն իրականացնող անձինք կամ ընկերությունները պետք է ընտրվեն հանրության ակտիվ մասնակցությամբ:

«Շատ չեմ օգտվում մետրոյից, բայց դա ինձ չի կանգնեցնում, որ գամ այստեղ և պայքարեմ քաղաքացիական իրավունքների համար»,-ասաց Իռեն Դավիդյանը:

Բողոքի մասնակիցներն իրենց ստորագրահավաքներով կից նամակը ներկայացրին քաղաքապետարան: Ինչպես նշված էր պատասխան ծանուցման մեջ, նամակի պատասխանը կտրվի 30 օրվա ընթացքում:

 

 

Նման փոսթերը

Տարածել