Մեր մասին

Ո՞վ ենք մենք: www.organize-now.am կայքը նախաձեռնվել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպության շրջանակում: Այն վարում են մի խումբ երիտասարդ ակտիվիստներ:

Ի՞նչ նպատակ ենք մենք հետապնդում: Այս նախաձեռնության իմաստը և նպատակն է` առավել ազդեցիկ դարձնել քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը Հայաստանում, դառնալ պլատֆորմ տարբեր ակտիվ խմբերի ու անհատների միջև տեղեկատվության փոխանակման և համագործակցության համար:

Վերջին տարիներին գործող քաղաքացիական խմբերը, նախաձեռնություններն ու շարժումները որակապես նոր տիպի հասարակություն են ձևավորում Հայաստանում: Սրանք օրինակներ են, երբ մարդիկ ջանում են մասնակից լինել իրենց վերաբերվող որոշումների կայացմանը, կազմակերպվել և գործոն (սուբյեկտ) դառնալ հասարակական-քաղաքական կյանքում: Ի հակադրություն երկրում տիրապետող արժեքների ու սկզբունքների` այս քաղաքացիական խմբերի սկզբունքներն են կամավոր և նյութական իմաստով անշահախնդիր գործունեությունը, որոշումների կայացման մեջ բոլոր անդամների հավասար ու արդյունավետ մասնակցությունը, բաց և հրապարակային աշխատանքը, հաշվետվողականությունն իր անդամներին ու հասարակությանը:

Այսօր նախաձեռնող խմբերի ինքնակազմակերպման և տեղեկատվության փոխանակման հիմնական դաշտը Facebook սոցիալական ցանցն է: Չհավակնելով զբաղեցնել սոցիալական ցանցերի տեղը` այս կայքը նպատակ ունի դառնալու համակողմանի տեղեկատվական աղբյուր հայաստանյան քաղաքացիական շարժումների և նախաձեռնությունների վերաբերյալ: Այստեղ կարող եք գտնել գործող և արդեն պասիվ քաղաքացիական նախաձեռնությունների կոնտակտները, ծանոթանալ նրանց գործունեությանը, կարդալ ամենաթարմ լուրերն ու սպասվող իրադարձությունները տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության մասին: Մենք նպատակ ունենք նաև ներկայացնել այլ պետությունների ու հասարակությունների քաղաքացիական պայքարի փորձերը: Ավելին` նախատեսում ենք, որ մոտ ապագայում կայքը կներառի քաղաքացիական նախաձեռնությունների համար անհրաժեշտ փաստաթղթեր, ռեսուրսներ, խորհուրդներ, ձևաթղթեր և այլն:

Ինչպե՞ս կարող ենք համագործակցել:

Եթե ներգրավված եք որևէ քաղաքացիական նախաձեռնության մեջ, մեզ մշտապես տեղյակ պահեք ձեր աշխատանքների և ծրագրված ակցիաների մասին, ուղարկեք լուսանկարներն ու տեսագրությունները, ձեր կազմած նյութերը, որոնք կարծում եք` օգտակար կլինեն նաև ուրիշներին:

Եթե օգնության կամ խորհրդատվության կարիք եք զգում, գրեք մեզ և մեր ունեցած ռեսուրսների չափով ամեն ինչ կանենք ձեր նախաձեռնությանն օժանդակելու համար:

Եթե ցանկանում եք համախոհներ գտնել ձեզ հուզող խնդիրը լուծելու համար, մենք դարձյալ կարող ենք օգտակար լինել:

Մշտապես մեզ հղեք ձեր առաջարկներն ու դիտողությունները` կայքի գործունեությունն ավելի ազդեցիկ և արդյունավետ դարձնելու համար:

Մենք աշխատում ենք հիմնականում կամավորական սկզբունքով և բաց ենք նոր ընկերների, համախոհների ու համագործակցությունների համար:

Ինչպե՞ս կապվել մեզ հետ