«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը: «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվել է 2011 թվականի հունիս ամսին` Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր մտահոգված են երկրի տրանսպորտային խնդիրներով:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: «Արժանապատիվ տրանսպորտ» ասելով` նախաձեռնող խմբի անդամները պատկերացնում են, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենաները պետք է փոխարինվեն ավտոբուսներով և տրոլեյբուսներով, կանգառներում պետք է չվացուցակներ տեղադրվեն, ոչ ոք չպիտի կռանա երթուղայինում, ոչ ոք դրսում չմնա, չուշանա, նեղություն չկրի տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով, տրանսպորտը սպասարկվի նաև կեսգիշերից հետո, վարորդը չծխի,  տրանսպորտում երաժշտություն չհնչի, վարորդի հետ շփումը հնարավորինս քիչ լինի:

Ի՞նչ գործունեություն է ծավալել: «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական  նախաձեռնությունն իր գործունեությունը սկզբնական շրջանում ծավալել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այնուհետև` հունիսի 18-ին, տեղի ունեցավ խմբի անդամների ոչ վիրտուալ հանդիպումն ու քննարկումը: Ստեղծվեցին երեք աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են տրանսպորտի միջազգային փորձի ուսումնասիրությամբ, տեղական տրանսպորտի մոնիթորինգով և անցկացնելու են մեդիա գրոհ: Հուլիսի 3-ին նախաձեռնությունը կազմակերպեց ստորագրահավաք, որով դիմեց «Հայավտոկայան» ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն Վարդան Սողոմոնյանին` պահանջելով տրամադրել տեղեկատվություն` ՀՀ ողջ տարածքը սպասարկող երթուղային տաքսիների, ավտոբուսների չվացուցակների վերաբերյալ: Այժմ դիմում-նամակի պատասխանը ընթացքի մեջ է: Նախաձեռնության ծավալած գործունեությունը գտնվում է շարունակական փուլում:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության գործունեության մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք նախաձեռնության` Ֆեյսբուքի խումբը: