«Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնություն

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը: «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2011 թ.-ի  հունիսի 21-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունից հետո, որ հուլիսի 1-ից  մետրոպոլիտենի ուղեվարձը կդառնա 100 դրամ՝ նախկին 50 դրամի փոխարեն:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: Նախաձեռնության հիմնական նպատակն ու պահանջն է սառեցնել մետրոյի սակագնի 100% թանկացումը, հրապարակել մետրոպոլիտենի վերջին 5 տարվա ֆինանսական հաշվետվությունները, աուդիոտորական եզրակացությունները, եկամուտների ու ծախսերի նախահաշիվները, ստուգման բոլոր ակտերը, մետրոպոլիտենից օգտվողների թվաքանակի վերաբերյալ հաշվետվությունները, անցկացնել խնդրի ֆինանսատնտեսական և տեխնիկական անկախ փորձաքննություն, որի արդյունքում հանրության ընտրությանը կներկայացվեն խնդրի լուծման այլընտրանքային տարբերակները: Իսկ փորձաքննությունն իրականացնող անձինք կամ ընկերությունները պետք է ընտրվեն հանրության ակտիվ մասնակցությամբ:

Ի՞նչ գործունեություն է ծավալել: Նախաձեռնության գործունեությունը սկզբնական շրջանում ծավալվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ բացված խմբի անդամների թիվն անցնում էր 8000-ը: Հունիսի 29-ին ակտիվիստները բաց նամակ հղեցին ՀՀ նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետին, որտեղ ներկայացրին իրենց պահանջները: Զուգահեռաբար դրան գրառումներ տեսքով տեղադրվում էին քաղաքապետ  Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում: Կազմվեց երկու հարցում. «Ինչ առաջարկներ ունեք, եթե մետրոյի սակագինը բարձրացնեն ինչ միջոցառումներ կազմակերպենք» և «Եթե մետրոյի սակագինը բարձրացնեն, ես իմ դժգոհությունը կհայտնեմ հուլիսի 1-ին: Ես առավոտյան կլինեմ այս կայարանում»: Հարցվածների մեծամասնությունը ցանկություն հայտնեց կազմակերպել ցույցեր կոնկրետ վայրերում: Հուլիսի 1-ին նախաձեռնությունը քաղաքապետարանի շենքի մոտ իրականացրեց  բողոքի ակցիա : Մասնակիցներն իրենց ստորագրություններով նամակ հղեցին քաղաքապետարան, ուր տեղեկացրին, որ նամակի պատասխանը տրվելու է 30 օրվա ընթացքում: Հուլիսի 2-ին նախաձեռնությունը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ հրապարակավ ներկայացրեց իր պահանջները: Սակայն որևէ արձագանք Կառավարության կողմից այդպես էլ չեղավ: Նախաձեռնությունը շարունակում է իր պայքարը:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության խմբի գործունեության մասին տեղեկություններ ստանալու համար անցեք հետևյալ հղումներով` http://mermetro.com/ , http://www.facebook.com/event.php?eid=170262593037779 , http://www.facebook.com/mermetro կամ գրեք mermetro@yahoo.com էլ. փոստին: