Բացօթյա առևտրով զբաղվող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանություն

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը: Նախաձեռնությունը հիմնել են Երևանում բացօթյա առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ 2011 թվականի հունվարին:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: Նախաձեռնող խմբի անդամները դեմ են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմանը, ըստ որի` 2011 թվականի հունվարի 1-ից Երևանում արգելվում է բացօթյա առևտուրը: Բողոքողները պահանջում են թույլատրել բացօթյա առևտուրը, քանի դեռ չեն ստեղծվել համապատասխան մինի շուկաներ:

Ի՞նչ գործունեություն է ծավալել: 2011 թվականի հունվարի 7-ի քաղաքապետի որոշմանը հաջորդեցին բողոքի լայնածավալ ակցիաններ: Տասնյակ անհատ ձեռներեցներ, բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ հավաքվեցին Երևանի քաղաքապետարանի մոտ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու: Բանակցությունների արդյունքում ցուցարարներից ոմանք համաձայնվեցին աշխատել շուկաներում, սակայն այստեղ նրանք բախվեցին տվյալ շուկաներում արդեն իսկ հաստատված առևտրականների անհանդուրժողականությանը և ֆինանսական խնդիրների. շուկաներում օրավարձը 1000-1500 դրամ է, այնինչ բացօթյա առևտրականների մեծ մասի օրական վաստակը 500-1500 դրամ է կազմում: Բողոքի ալիքն ավելի ծավալվեց: Նախաձեռնող խմբի անդամները կրկին դիմեցին քաղաքապետարան, ապա նաև ՀՀ նախագահին, սակայն առայժմ անարդյունք: Նեկայումս գործում է 30 հոգանոց համակարգող խումբ. խումբը կազմակերպում է բացօթյա առևտրականների բողոքներ, առևտրականների անունից դիմումներ է հղում պատկան  մարմիններին, այն իրականացրել է ստորագրահավաք, կազմակերպել ասուլիսներ և այլն: Ապրիլի սկզբին բացօթյա առևտրով զբաղվողները մասնակցել են օրենքի խորհրդարանական լսումներին, որտեղ ներկայացրել են իրենց պահանջները: Ի դեպ բացօթյա առևտուրն արգելող օրենքն ընդունվել է 2004 թվականին:  Այժմ թույլատրվում է միայն ծաղիկների բացօթյա վաճառքը, այն առևտրականները, ովքեր չեն ենթարկվում որոշմանը` տուգանվում են և բռնության ենթարկվում ոստիկանների կողմից:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: Բացօթյա առևտով զբաղվողների համակարգող խմբի հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել կայքի պատասխանատուին: