Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ շարժում

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2010 թվականի  ապրիլին մի խումբ ակտիվիստների կողմից` որպես դիմադրություն Լեզվի մասին և Հանրակրթության մասին ՀՀ օրենքների փոփոխություններին:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: Նախաձեռնությունը կտրականապես մերժում է ՀՀ Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ: Նախաձեռնությունը պահանջում է և առաջարկում է, որ Կառավարությունը հետ կանչի այդ վտանգավոր օրինագիծը, ստեղծվեն օրենսդրական երաշխիքներ ապագայում նմանօրինակ նախաձեռնությունները բացառելու համար, օրինագիծը կասեցնելուց հետո կազմակերպել հասարակական քննարկումներ լեզվի և հանրակրթության խնդիրների շուրջ:

Ի՞նչ գործունեություն է ծավալել: 2010 թվականի ապրիլի վերջին Ազգային Ժողովում մեկնարկեցին լեզվի և հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու քննարկումները: Լեզվի մասին ՀՀ օրենքում ոչ հայալեզու դասավանդմամբ դպրոցների ստեղծումը թույլատրող փոփոխություն կատարելու դրդապատճառներից մեկը «Տրոյկա Դիալոգ» ընկերության Խորհրդի տնօրեն Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած եւ կառավարության հովանավորությունը վայելող «Դիլիջան» միջազգային դպրոցի (dilijanschool.org) ստեղծման ծրագիրն է, ըստ որի դասավանդումն այդ դպրոցում պետք է ընթանա անգլերենով: Համաձայն «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների՝ Հայաստանի տարածքում կթական համակարգերի դասավանդման լեզուն գրական հայերենն է։ Հետևապես, «Դիլիջան» դպրոցի հայեցակարգի՝ անգլերեն դասավանդման մասին դրույթը հակասում էր գործող օրենսդրությանը։ Այս ամենին հաջորդեց այն, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Ազգային ժողովին ներկայացրեց օրինագիծ՝ վերոհիշյալ օրենքներում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։ Այս առնչությամբ սոցիալական ցանցերում, բլոգներում և տպագիր մամուլում բողոքի մեծ ալիք բարձրացավ: 2010 թվականի մայիսի 12-ին մի խումբ քաղաքացիներ Facebook սոցիալական ցանցում ստեղծեցին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խումբը, որը միտված էր կազմակերպված ձևով դիմակայելու վերոնշյալ օրենսդրական փոփոխություններին: Շարժման ակտիվիստները պահանջում են հարգել ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը` «ՀՀ պետական լեզուն հայերենն է»: Նախաձեռնող խումբը կազմակերպել է բազմաթիվ բողոքի ակցիաներ, երթեր և պիկետներ, քննարկումներ մամուլի ակումբներում, համերաշխության համերգներ և այլ ակցիաներ, այդ թվում` համացանցային տիրույթում:  «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվիստները շարունակում են իրենց պայքարը և ներկա փուլում հիմնական նպատակն է ապահովել հայերենով որակյալ կրթությունը մեր երկրում: Facebook սոցիալական ցանցում նախաձեռնության խմբի անդամների թիվը հասնում է 4000-ի:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի գործունեության մասին տեղեկություններ ստանալու համար անցեք հետևյալ հղումներով` www.facebook.com/home.php?#!/group.php?gid=112426852127161&ref=ts, www.nochangeinlanguagelaw.org, իսկ կապ հաստատելու համար գրեք`  info@nochangeinlanguagelaw.org էլ. փոստին: