«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը: «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունն իր գործունեությունը ծավալել է 2011 թվականի օգոստոսի 26-ից, երբ տարածվեց ԼՂՀ զորամասերից մեկում 18-ամյա Աղասի Աբրահամյանի մահվան մասին լուրը, չնայած մինչև այդ ևս նախաձեռնության մի շարք ակտիվիստներ զբաղվել են բանակում մարդու իրավունքների հիմնախնդիրներով: Աղասի Աբրահամյանի` խոշտանգումներով սպանության մասին լուրը և լուսանկարները մեծ աղմուկ բարձրացրին Facebook սոցիալական ցանցում` հիմք հանդիսանալով նոր և լայնամասշտաբ քաղաքացիական ըմբոստության: Նախաձեռնությունը վերջնականապես կազմավորվեց սեպտեմբերի 15-ին, երբ ակտիվիստները իրականացրին մեծածավալ բողոքի ակցիա (Facebook-ում  իրադարձության մասնակիցների թիվն անցնում էր 1500-ը)` ազդարարելով իրենց պայքարի մեկնարկի մասին:

 

Ի՞նչ նպատակ է հետապնդում: «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը նպատակադրված է վերջ տալ հայկական բանակում տիրող հանցագործ բարքերին, բռնություններին, քրեադատավարական կեղծիքին և հանցագործների հովանավորչությանը, այսպիսով` ամբողջությամբ արմատախիլ անելով բանակում տիրող ոչ կանոնադրական բարքերը: Նախաձեռնությունն իրավասու մարմիններից պահանջում է իրականացնել արդար դատաքննություն` արդեն կատարված դեպքերով և խստորեն պատժել մեղավորներին:

 

Ի՞նչ գործունեություն է ծավալել: Ինչպես արդեն նշվեց, նախաձեռնության առաջին ակցիան անցկացվել է սեպտեմբերի 15-ին` Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի դիմաց, ուր ամեն հինգշաբթի իրենց լուռ բողոքն են արտահայտում բանակում սպանված մի քանի զինծառայողների ծնողներ: Համեմատելով մինչ այս տեղի ունեցող նմանաբնույթ ակցիաների հետ` վստահորեն կարող ենք ասել, որ այս մեկն աննախադեպ էր և բազմամարդ: Ակցիան լուսաբանելու էին եկել լրատվության միջոցների 2 տասնյակ ներկայացուցիչներ: Կազմակերպիչները լցված էին վճռականությամբ: Այնուհետև` սեպտեմբերի 8-ին, նախաձեռնող խումբն իրականացրեց երթ` ի հիշատակ հայկական բանակում զոհվածների և ի նպաստ արդար դատաստանի: Երթը մեկնարկեց Կառավարության շենքից, որտեղ մասնակիցները սպանված զիվորների նկարները ձեռքներին շրջան կազմեցին, ապա քայլեցին Հանրապետության հրապարակի կենտրոնով: Դատախազության շենք-ԱԺ-Նախագահական նստավայր-Կառավարության շենք  երթուղու ամբողջ ընթացքում սևազգեստ մարդկանց ուղեկցում էին ոստիկանները: Մեր թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասել է. «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարից պահանջում ենք գործուն քայլեր ձեռնարկել` վերացնելու զինված ուժերում մահացության դեպքերը` հասարակությանը ներկայացնելով ձեռնարկվելիք միջոցառումների շարքը»: Սեպտեմբերի 14-ին «Բանակն իրականում» խումբը կազմակերպեց «Իրավիճակը հայկական բանակում» քննարկումը, որին մասնակցում էին քաղաքացիական նախաձեռնության անդամները, ՀՀ իրավասու պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր վեր հանել բանակի խնդիրները, առաջարկել և գտնել կոնկրետ լուծումներ իրավիճակի փոփոխման ուղղությամբ: Այս քննարկումը լայն լուսաբանվեց էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից: Բացի այդ, նախաձեռնությունը կազմակերպել է նաև մամուլի ասուլիսներ, հանդիպումներ, տեսանյութեր է պատրաստել խնդրի վերաբերյալ: Պայքարը շարունակվում է:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: Նախաձեռնությունը կարելի է գտնել Facebook սոցիալական կայքում` «Բանակն իրականում» խմբի հղումն է  http://www.facebook.com/groups/168672419852897/ և նույնանուն էջի հղումն է http://www.facebook.com/pages/Բանակն իրականում/157157091013664: Յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ խմբին և էջին, իրազեկվել նախաձեռնության ակցիաների և քննարկումների մասին: