Ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանություն

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը: 2010թ-ի դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը: Այն փոխարինելու եկավ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերի պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքին, որը շարունակելով դեռևս խորհրդային ժամանակներում ձևավորված ավանդույթը` հղիության և ծննդաբերության ժամանակավոր արձակուրդի 140 օրերի ընթացքում յուրաքանչյուր կնոջ փոխհատուցում էր արձակուրդին նախորդող վերջին երեք ամիսների ընթացքում իր միջին աշխատավարձի 100%-ի չափով` առանց հարկելու և պահումներ կատարելու: Նոր օրենքով, սակայն, 100% փոխհատուցումը նպատակահարմար է համարվում միայն ՀՀ նվազագույն աշխատավարձի հնգապատիկից քիչ վաստակող կանանց համար, իսկ ավելի շատ վաստակող կանայք կփոխհատուցվեն միայն նվազագույն աշխատավարձի հնգապատիկին համարժեք: Օրենքն այսուհետ հարկելու է նաև մայրերին տրամադրվող նպաստները` դրանով իսկ նվազեցնելով հղիության և հետծննդաբերական շրջանի արձակուրդում գտնվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եկամուտները: Այս կապակցությամբ Հայաստանում ձևավորվեց հասարակական նոր նախաձեռնություն` ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբ։ Խմբի անդամները հիմնականում երիտասարդ կանայք էին՝ նրանք միմյանց հետ ծանոթացել էին Facebook սոցիալական ցանցի միջոցով:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: Հասարակական նախաձեռնող խումբն Ազգային ժողովից անհապաղ պահանջում էր վերանայել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հաշվարկման կարգը և այն համապատասխանեցնել նախկինում գործող` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգին: Այն է` հղիության և հետծննդաբերական շրջանի արձակուրդում գտնվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու փոխհատուցել իր աշխատավարձի 100%-ի չափով` առանց հարկելու և պահումներ կատարելու:

 

Ի՞նչ գործունեություն է ծավալել: Հայաստանի Հանրապետությունն արտագաղթի պետություն է հանդիսանում, և ընդգրկված է 2009թ-ին ընդամենը 0.2% ժողովրդագրական աճ արձանագրած և նվազող բնակչություն ունեցող աշխարհի 22 երկրների ցանկում: Նախաձեռնող խմբի անդամները պնդում էին, որ օրենքի նման փոփոխությունը կդրդի բարձր որակավորում ունեցող կին մասնագետներին կա՛մ լքել Հայաստանը, կա՛մ ձեռնպահ մնալ երեխաներ ունենալուց: Նրանք հավաստիացնում էին, որ վերոնշյալ օրենքով մի խումբ իրավական ակտեր են խախտվել։ Մասնավորապես՝ խախտվել էր Հայաստանի կողմից ստորագրված Սոցիալական խարտիայի 8-րդ հոդվածը, որով աշխատող կանայք ծննդաբերությունից առաջ և հետո ապահովվում են առնվազն 14 շաբաթյա վճարովի արձակուրդով (Հայաստանի Աշխատանքային օրենսգրքով այդ արձակուրդը կազմում է 140 օր կամ 20 շաբաթ): Խախտվել էր նաև Սահմանադրության 35-րդ հոդվածը, որով յուրաքանչյուր կին հղիության շրջանում վճարովի արձակուրդի իրավունք է ստանում։ Նախաձեռնող խմբի անդամները կազմակերպեցին համակարգված միջոցառումների շարք, որը բաղկացած էր բողոքի ակցիաներից, մամլո ասուլիսներից, նրանք նամակներ հղեցին և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին, լայնորեն ներգրավեցին լրատվամիջոցներին և հասարակական ակտիվ խմբերին: Ի վերջո, մի քանի ամիս տևած պայքարը՝ ընդդեմ ժամանակավոր անաշխատունակության նպաստների կրճատման, ավարտվեց հաղթանակով։ Հասարակական ճնշման տակ` 2011 թվականի փետրվարի 24-ին ՀՀ կառավարությունը որոշեց անհետաձգելի կարգով Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական փոփոխություն, որով վերականգնվում են հղիների նպաստներն այն չափով, ինչ եղել է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը։

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: Նախաձեռնության հետ կապ հաստատելու համար դիմեք մեր կայքի պատասխանատուին:

Այս նախաձեռնության մասին համապարփակ վերլուծական հոդված կարող եք կարդալ այստեղ: