Կենդանիների պաշտպանություն

Ե՞րբ է ստեղծել նախաձեռնությունը: Երևանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող նախաձեռնություններից 2010-2011 թվականներին աչքի են ընկնում «Փրկենք կենդանիներին», «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» նախաձեռնող խմբերը:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: Սրանք կամավորական քաղաքացիական նախաձեռնություններ են, որոնց հիմնական նպատակն է պաշտպանել կենդանիներին դաժան վերաբերմունքից ու սպանդից, լուծել թափառող կենդանիներին վերաբերող խնդիրները:

Ի՞նչ գործունեություն է ծավալել: «Փրկենք կենդանիներին» և «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» նախաձեռնությունները լայն գործունեություն են ծավալում www.facebook.com սոցիալական ցանցում: Խմբերի միջոցով քաղաքացիներն արծարծում են կենդանիներին առնչվող խնդիրներն ու հարցերին լուծումներ տալիս: 2011 թվականին կենդանասերների ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք` փողոցային շներին սպանդից պաշտպանելու համար: Այսօր 200-ից ավելի թափառական շներ ապաստանում են «Փրկենք կենդանիներին» կազմակերպության կացարանում: «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» նախաձեռնությունը գործում է իրավապաշտպան դիտանկյունից` ձգտելով օրենքով ամրագրել կենդանիների պաշտպանությունը: Այս նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների և տարբեր քաղաքացիների ֆինանսական ու ֆիզիկական օգնության շնորհիվ հաջողվել է փրկել մի շարք կենդանիների կյանքեր, տերեր գտնել անտուն կենդանիների համար, հանրության շրջանում բարձրացնել կենդանիների պաշտպանության հարցերը: Կենդանիների պաշտպանների հիմնական պահանջն է չթույլատրել անտուն կենդանիների սպանդը, նպաստել կենդանիների ստերջացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը: Այս խնդրով, բացի տեղեկատվություն տարածելուց և հանրությանն իրազեկելուց, խմբի անդամները նամակներ են հղել Երևանի քաղաքապետին, ՀՀ վարչապետին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, Ամենայն Հայոց կաթողիկոսին և այլոց:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: Կենդանիների պաշտպանության նախաձեռնությունների աշխատանքներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով`

http://www.facebook.com/home.php?sk=group_183049871736741&ap=1 http://www.facebook.com/home.php?sk=group_173900505990799&ap=1