Մենք ենք այս քաղաքի տերը

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2010 թվականին` մի խումբ ակտիվիստ երիտասարդների կողմից:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: Այն անկախ, բաց նախաձեռնություն է: Միտված է օգտագործելու բոլոր իրավական միջոցներն ու հասարակական կարծիքի արտահայտման ձևերը՝ կանաչ տարածքները ոչնչացնողներին հասարակական և իրավական պատասխանատվության ենթարկելու և Երևանի զբոսայգիները պաշտպանելու համար:

Ի՞նչ գործունեություն է ծավալել: 2010 թվականին Երևանի «Ուսանողական այգում» կառուցապատումներ սկսվեցին. հենց այդ ժամանակ այգին պաշտպանելու համար էլ ստեղծվեց նախաձեռնությունը: «Ուսանողական այգու» տարածքում գործում է Աստղադիտարան, որը հարակից է Ազգային գրադարանին: Այգու տարածքում է գտնվում նաև աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը: Այս երեքը մշակութային հուշարձաններ են, ուստի պահպանվում են օրենքով, և դրանց մոտակայքում նման կառուցապատում իրականացնել, ըստ խմբի անդամների, անթույլատրելի է: Շինարարությունը խոչընդոտելու է Աստղադիտարանի աշխատանքներին, քանի որ արհեստական լույսից առաջանալու է օդի աղտոտվածություն՝ խանգարելով գիտական հետազոտություններին: Շինարարական աղմուկի պատճառով արդեն իսկ խանգարվում են Ազգային գրադարանի ընթերցասրահի աշխատանքները: Նախաձեռնող խմբի ջանքերով մոտ 20000 ստորագրություն հավաքվեց, ապա դիմեցին քաղաքապետարան, սակայն առայժմ` ապարդյուն: Նախաձեռնությունը այսքանով չսահմանափակվեց և կազմակերպեց 100-ից ավելի հայցվորների հայցը դատարան: Այժմ գործը գտնվում է վարչական վերաքննիչ դատարանում: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խումբը միաժամանակ զբաղվում է այլ այգիների և կանաչապատ տարածքների պաշտպանությամբ, դրանցից են` «Վիշապի պուրակը», «Մաշտոցի այգին» և այլն:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: www.Facebook.com սոցիալական կայքում այն ունի իր խումբը հետևյալ հասցեով` http://www.facebook.com/group.php?gid=119537174725392: Յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ այս խմբին, իսկ նախաձեռնողների հետ կարելի է կապվել kanachaygi@gmail.com էլ.փոստի միջոցով: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի գործունեության մասին տեղեկություն կարող եք ձեռք բերել www.kanachaygi.org և www.kanach.am կայքերում: