ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը: ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ արտիստիկ-քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2011թ-ի ապրիլին, Երևանում, ԼԱՓՍ շվեցարական արտիստական կոլեկտիվի և Ուտոպիանա մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպության համագործակցությամբ:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԱՐՏԻՍՏԻԿ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Ոչինչ այնքան անսահման չէ, որքան դատարկ տարածքը” Ֆ. Բեկոն

 

ՈՒ՞Մ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՐՏԵ՞Ղ Է ՀԱՆՐԱՅԻՆ և ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑՆՈՂ ՍԱՀՄԱՆԸ:

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԵՐՈՒԺԸ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ Ո՞Ր ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՄ ԱԶԱՏՈՐԵՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ:

ՈՒ՞Մ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ:

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՔԱՂԱՔՈՒՄ:

Եթե այս հարցերից որևէ մեկը մտահոգում է քեզ, ապա այս նախաձեռնությունը քեզ համար է:

///// ՀԵ’Տ ՊԱՀԱՆՋԻՐ /ԳՐԱՎԻ’Ր/ ՔՈ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ /////

և փոխիր քաղաքի դատարկ տարածքներն օգտագործելու և բնակեցնելու ընդունված մոտեցումը:

Նախաձեռնության նպատակն է համախմբել Երևանի բնակիչների կարիքներն ու ցանկությունները (քաղաքացիական, մշակութային կամ արտիստիկ) և կյանքի կոչել դրանք քաղաքի հասարակական տարածքներում: Ելնելով վերոշարադրյալից՝ նախաձեռնությունը փորձում է ստեղծել բանավեճի եւ քննարկման որոշակի տարածք/պլատֆորմ՝ հարցադրելու համար դատարկ տարածության բնույթն ու բացահայտելու համար նրա ներուժն ու հնարավորությունները: Գիտակցելով, որ քաղաքի, այսպես կոչված , «հասարակական տարածքների» մեծ մասն արդեն մասնավորեցված է , կամ գտնվում է մասնավորեցման գործընթացում, կարծում ենք, որ իշխանությունների եւ լայն հասարակայնության առջև այդ դատարկության խնդիրը բարձրացնելը դառնում է հրատապ: Եթե քաղաքում կան չօգտագործված կամ մոռացված տարածքներ, արդյո՞ք, կարող ենք, ենթադրել, որ այդ դատարկ տարածքները մեզ բոլորիս են պատկանում: Մինչ լքված գործարանները, առեւտրային տարածքներն ու տները փտում են, իսկ անավարտ շինությունները փչացնում են լանդշաֆտը, մինչ լքված հանրային տարածքները եւ վայրերը վարձակալած են առեւտրային նպատակներով, մարդիկ քաղաքում այլեւս տարածքներ չունեն իրենց մշակութային, արտիստիկ եւ քաղաքացիական կարիքներն ու ցանկություններն արտահայտելու համար: Այս իմաստով, հուսով ենք, որ տարբեր ոլորտների (մշակութային, արտիստիկ եւ քաղաքացիական) տեղացի գործիչների եւ ակտիվիստների հավանությանն արժանացած այս նախաձեռնությունը տարածք կտրամադրի միավորվելու եւ հավաքական ուժ ստեղծելու համար և կշեշտի քաղաքական եւ տնտեսական ձախողված այն քաղաքականությունը, որը պատճառ հանդիսացավ հասարակության՝ որպես ամբողջի վերափոխմանը:

 

Ի՞նչ գործունեություն է ծավալել: Նախաձեռնության շրջանակներում արդեն իսկ իրականացվել է Երևան քաղաքի /հատկապես կենտրոն համայնքի / դատարկ տարածքների հետազոտություն և քարտեզագրում, ինչպես նաև, հանդիպումներ և հարցազրույցներ բազմաթիվ արտիստական, քաղաքացիական, ակտիվիստական խմբերի, կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ: Այս երկու հետազոտությունների արդյունքում ԼԱՓՍ արտիստական կոլեկտիվի կողմից կազմվել է վերոնշյալ խմբերի տարածքային պահանջների /կարիքների/ ցուցակ  և  մշակվել են համապատասխան ճարտարապետական լուծումներ և առաջարկներ քաղաքի դատարկ տարածքների կիրառման համար: Այս առաջարկություններն ու լուծումները հանրությանը ներկայացվեցին “Գործածելով քաղաքը” նախագծի շրջանակներում,  2011 թվականի ապրիլի 29-ին, Ալեք Մանուկյան 8/1 հասցեում գտնվող կիսկառույց շենքի տանիքում /որը նախաձեռնության առաջին հանրային տարածքի գրավումն էր/:

Նախաձեռնությունը նաև ակտիվ գործունեություն է ծավալում Ֆեյսբուք սոցիալական ցանցի համանուն խմբում, որը հանդիսանում է յուրահատուկ պլատֆորմ համախմբման, քննարկումների և հարցադրումների համար:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: Նախաձեռնության մասին տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով ֆեյսբուքում գտնվող citizens of empty space | դատարկ տարածքի քաղաքացիներ խումբը կամ www.utopiana.info կայքը: