Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանություն

 

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը/շարժումը: Անհատ տաքսու վարորդների իրավունքները պաշտպանող քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2009 թվականի փետրվարին` մի խումբ տաքսիստների կողմից: Առավել ակտիվ գործել է 2009 և 2010 թվականներին Գյումրիում, Վանաձորում և Երևանում: Գյումրիում նախաձեռնությունը համակարգել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: Այս անկախ նախաձեռնությունը դիմադրում էր ՀՀ Ազգային ժողովում մշակված ու ընդունված այն օրենսդրական նորմերին, որոնցով փորձ է արվում կարգավորել անհատ տաքսի ծառայությունների աշխատանքը: 2006 թվականի դեկտեմբերին ընդունվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը, որի 17-րդ հոդվածը սահմանում է «Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները»: Ըստ այդ հոդվածի` համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող  կազմակերպություններն ու ձեռնարկատերերն իրավունք ունեն ծառայություններ մատուցել լիցենզիայի առկայության դեպքում, պահանջվում է, որ մեքենան լինի ոչ ավելի հին, քան 10 տարին, կրի դեղին պետհամարանիշ, կահավորված լինի տաքսամետրով, ունենա լուսացուցիչներ և այլն:

Ի՞նչ գործունեություն է ծավալել: 2009 թվականի փետրվարին անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիաներ սկսվեցին Գյումրիում: Կազմակերպվել են հանրահավաքներ, քննարկումներ «Ասպարեզ» ակումբում, բողոքի ավտոշարասյուններ,  փակվել են կարևոր նշանակության ճանապարհներ, կազմվել են դիմում-բողոքներ` ուղղված ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանություններին, այդ թվում` Գյումրիի քաղաքապետարանին: Շարժման մասնակիցները պահանջում էին թույլ տալ աշխատել անձնական ավտոմեքենաներով, կասեցնել մեքենաների տարեթվերի սահմանափակումը: Բազմաթիվ բողոքի ցույցերից հետո 2009 թվականին Կառավարությունը կասեցրեց օրենքի կիրառումը: Սակայն արդեն 2010 թվականին վարորդները ստիպված էին վերսկսել պայքարը: Այս անգամ նրանք բողոքում էին տաքսի ծառայություններ մատուցելու չափազանց բարձր հարկերից ու տուրքերից. վարորդները պետք է վճարեին հաշվիչի տեղադրման համար` 7000 դրամ, ավտոմեքենաների նկարազարդման համար` 5000-10000դր., տարեկան լիցենզիայի վճար` 25000 դր., ամսական կենսաթոշակային հիմնադրամի համար 7000 դր., ամսական հարկային վճար` 6000 դր.: Գյումրու 824 անհատ տաքսու վարորդներ դիմում-բողոք ներկայացրեցին ՀՀ Նախագահին, ՀՀ ԱԺ Նախագահին, ՀՀ Վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին և տեղական իշխանություններին: Նրանց առաջարկն էր` այս բոլոր հարկերի փոխարեն համայնքային բյուջե վճարել ամսական 2000-2500 դրամ, ինչպես նաև տեղադրել հաշվիչներ: Նմանատիպ նամակներ ու դիմումներ են ուղղվում իշխանություններին նաև Երևանի տաքսու վարորդների կողմից: Վարորդներին աշխատելու բանավոր թույլտվություն է տրվում, 10 տարուց ավելի տարիք ունեցող ավտոմեքենաների` տաքսի ծառայություններ չմատուցելու արգելքը սառեցվում է մեկ տարով: Տաքսու վարորդների աշխատանքի խնդիրը ժամանակավորապես լուծված է, չնայած իրավական մակարդակում օրենքն ու կառավարության որոշումները շարունակում են ուժի մեջ մնալ:

2011 թվականին արդեն խնդիր է առաջացել տաքսիների կայանատեղիների հետ կապված. կանգառում կայանելու համար անհրաժեշտ է վճարել 500 դրամ, սակայն ոչ բոլոր վարորդներն են ի վիճակի օրական մի քանի անգամ այդքան գումար մուծել: Նախաձեռնության անդամների նոր պահանջն է` փոխարենը սահմանել 500 դրամ օրավճար:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: Շարժման հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել կայքի ադմինիստրատորին, ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին (www.asparez.am):

Այս նախաձեռնության մասին համապարփակ վերլուծական հոդված կարող եք կարդալ այստեղ: