Թեղուտի անտառի պաշտպանության շարժում

Ե՞րբ է ստեղծել նախաձեռնությունը: Թեղուտի անտառի պաշտպանության շարժումը մեկնարկել է 2007 թվականի նոյեմբերին, թեև 2006 թվականից ի վեր Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքը զբաղվում էր Թեղուտի անտառի պաշտպանությամբ:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: Նախաձեռնության նպատակն է կասեցնել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը: Ներկայումս այս նախաձեռնությունը վերափոխվում է ավելի ընդարձակ և համակողմանի էկոլոգիական շարժման:

Ի՞նչ գործունեություն է ծավալել: ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերին ընդունված որոշման համաձայն` Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը 25 տարով շահագործման է տրամադրվում «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությանը: Բացի հարյուրավոր հեկտար անտառների հատումից, հանքավայրի շահագործման հետևանքով թունավորվելու են գետեր ու ստորգետնյա ջրագոյացման աղբյուրներ, ոչնչանալու է բուսական և կենդանական աշխարհը` այդ թվում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ու բուսատեսակներ: Վնասների շարքն այսքանով չի սահմանափակվում. Թեղուտի սարերը վերածվելու են պոչամբարի, ուր կուտակվելու են մի քանի հարյուր միլիոն տոննա թունվոր թափոններ, ինչը կհանգեցնի նաև ծանր հիվանդությունների առաջացմանն ու տարածմանը, այդ թվում` բնածին արատներ, ուռուցքային և շնչառական հիվանդություններ: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրն ուղեկցվում է բազմաթիվ գյուղացիների ունեզրկումով. որպես օրինակ` 1քմ հողը գյուղացուց գնվել է մոտ 40 դրամով: Շարժման ակտիվիստները վիճարկում են, որ ծրագիրը խախտում և բազմաթիվ ՀՀ օրենքներ և միջազգային կոնվերնցիաներ:

Երեք տարիների ընթացքում շարժման ակտիվիստները տարբեր միջոցներով փորձել են կանխել հանքահանության ծրագիրը` ակտիվ ու հետևողական բարձրաձայնելով խնդրի հետ կապված բոլոր մանրամասները: Իրականացվել են բազմաթիվ ու բազմատեսակ ակցիաներ` ցույցեր, երթեր, հեծանվային արշավներ, համերգներ, պիկետներ, ստորագրահավաքներ, կազմակերպվել են համաժողովներ ու կլոր սեղաններ, բոյկոտի ակցիաներ` ծրագիրը ֆինանսավորող ՎՏԲ բանկի նկատմամբ, բանակցություններ են վարվել ՀՀ կառավարության հետ և այլն: Շարժմանն աջակցելու հաստատակամություն է հայտնել նաև ամերիկաբնակ հայտնի ռոք աստղ Սերժ Թանկյանը (System of a down): Նշենք, որ հայկական մի շարք հկ-ներ արդեն ավելի քան երկու տարի ջանում են արդարության հասնել պետական արդարադատական համակարգի շրջանակներում: 2009թ. հուլիսին երեք ՀԿ-ներ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան` վիճարկելով ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության,  Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների որոշումները: Հայցադիմումներում ՀԿ-ները վկայակոչում էին ՀՀ սահմանադրության, պետական օրենքների, ինչպես նաև ՄԱԿ-ի Էսպույի և Օրհուսի կոնվենցիաների շրջանակներում ՀՀ միջազգային պարտավորությունների խախտումները: Հայցադիմումը մերժվել է` պատճառաբանելով հայցվոր լինելու համար իրավաբանորեն ոչ ընդունելի կարգավիճակ ունենալը: Վճռի բողոքարկումը ընթացքի մեջ է: ՀՀ կառավարության դեմ հայցադիմում ներկայացրած երեք հկ-ները 2010թ. ապրիլին հաղոդագրություն են հղել Ժնև` ՄԱԿ-ի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողով: 2010թ. սեպտեմբերին Կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը ներկայացրել է իր Եզրակացությունների նախագիծը, որով ճանաչել է Հայաստանի Հանրապետության ձախողումը` ապահովելու արդյունավետ հանրային մասնակցություն Թեղուտի հանքարդյունահանման ծրա•րի հետ կապված որոշումների կայացման գործում: Միաժամանակ շրջակա գյուղերի մի շարք բնակիչները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան սեփականության կորստի և ոչ համարժեք փոխհատուցման հայցադիմումով:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: Շարժման գործունեության մասին տեղեկություններին ծանոթացեք www.ecolur.org, www.armtimes.com/Թեղուտ, www.teghut.am, www.mariamsukhudyan.info, http://bnamard.blogspot.com, www.flickr.com/86132777@N00 կայքերում, իսկ կապ կարող եք հաստատել teghut2009@gmail.com էլ. փոստի միջոցով:

Այս նախաձեռնության մասին համապարփակ վերլուծական հոդված կարող եք կարդալ այստեղ: