«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Ե՞րբ է ստեղծվել նախաձեռնությունը: «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվել է 2010 նոյեմբերին Facebook սոցիալական ցանցում: Էջի ստեղծումը պայմանավորված է Երևան քաղաքում ապօրինի ծառահատումների և քաղաքացիների իրավունքները ոտնահարող կառուցապատման բիզնես-ծրագրերի ավելացմամբ:

Ի՞նչ նպատակ է հետապնդում: Հանրային քաղաքացիական նախաձեռնության հիմնական նպատակներն են` պահպանել պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները, ապահովել մեր քաղաքում ճարտարապետական ծրագրերի ներդաշնակության և քաղաքային միջավայրի մաքրությունը, քրեական պատասխանատվության սահմանել և կիրառել մայրաքաղաքում ծառահատում իրականացնողների հանդեպ, ինչպես նաև կասեցնել կանաչ տարածքների հաշվին իրականացվող կառուցապատման ծրագրերը, «Գերակա շահի» ձևակերպման ներքո,  օլիգարխիկ շահերից բխող սեփական ու հանրային տարածքների բռնազավթումն ու   ապօրինի շինարարությունը, պաշտպանել քաղաքացիների հանրային ու սեփականատիրական իրավունքնեը, ողջամիտ լուծումներ տալ սոցիալական խնդիրներին:

Ի՞նչ գործունեություն է ծավալել: Նախաձեռնությունն իր գործունեությունը ծավալել է 2010 թվականից սկսած, սկզբում Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Արդեն 2011 թվականի հունվարից նախաձեռնությունը պայքարում է Նալբանդյան 106/1 շենքի բակում «Ավագ Շին» ՍՊԸ-ի կողմից բազմահարկ բնակելի շենքի կառուցումը կասեցնելու համար: Կազմակերպվել են բողոքի ակցիաներ, բնապահպանական բնույթի ակցիաներ, խնամվել են տարածքի ծառերը և կրապատվել դրանց բները, տեղի է ունեցել նաև երեխաների պաշտպանության օրվա առիթով ակցիա, երբ արտահայտվել է քաղաքացիների` Երևանի թիվ 1 մանկապարտեզը ապամոնտաժելուն ուղղված բողոք:  Բազմաթիվ ակցիաներից զատ կազմակերպվել է ստորագրահավաք` ուղղված նախագահին, վարչապետին, քաղաքապետին: Վերջինի պատասխանի համաձայն` այդ տարածքում շինարարություն անցկացնելու համար նախագծային փաստաթղթերը մշակված չեն, այսինքն` աշխատանքներն ապօրինի են: Սակայն ի վերջո մինչ օրս խնդրին որևէ լուծում չի տրվել: Նախաձեռնության անդամները շարունակում են պայքարը:

Ինչպե՞ս կապ հաստատել շարժման հետ: «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն խմբի գործունեության մասին տեղեկություններ ստանալու համար անցեք հետևյալ հղումով` www.facebook.com/merqaghaq: